4 ոլորտ համակարգած «սուպերնախարար» Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությունը, անշուշտ, ամենասպասվածն էր 6 նախարարների կոսմետիկ փոփոխության շարքում, և լայն արձագանք գտավ հանրության շրջանում։ Պատճառն այն է, որ Հայոց պատմության, Հայ Եկեղեցու պատմության դեմ արշաված նախարարի հրաժարականի պահանջը արդարացիորեն ձևավորվել էր դեռ երկու տարի առաջ։ Բայց մինչ այդ, նա սկսել էր անթաքույց կերպով պետական պաշտոնը ծառայեցնել համասեռամոլության քարոզչության քայքայիչ պլանին։ Հիշենք, թե ինչպես էր հանրության մեջ կրքեր բորբոքել նախարարական կաբինետում նրա փակ հանդիպումը համացանցից հայտնի ոմն համասեռամոլ Կարաբինայի հետ, հաջորդ դրվագը սեռափոխված Մելի (Մելինե Դոլուզյան) մասին ֆիլմին 20 մլն դրամ ֆինանսավորելն էր, Հանրապետության հրապարակի մետրոյում «Հուզանք ու զանգ» աղմկահարույց բեմադրությունը` ԿԳՄՍ դրամաշնորհային ծրագրերի հաշվին։
Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը․ պատերազմի խայտառակ պարտությունից և ստորացուցիչ ստորագրումից հետո, Արայիկ Հարությունյանին ձևականորեն պաշտոնից ազատեց, որպեսզի ստեղծի պատրանք, թե փոփոխություններ է անում, մեղմելու համար հետպատերազմյան զայրույթը։ Իրականում, Փաշինյանը օգնեց իր սիրելի թիմակցին` ավելի վեր բարձրանալ, իշխանական համակարգում։ Վարչապետի գլխավորած կուսակցության համահիմնադիր, կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանն այլևս զբաղեցնում է վարչապետի գլխավոր խորհրդականի բարձր պաշտոնը։ Ճիշտ է՝ դրույքը կստացվի կիսով չափ` 724 հազար դրամ աշխատավարձով (գումարած՝ պարգևավճար), բայց փաստացի շատ ավելի մեծ ու ընդգրկուն լծակներով։ Չէ՞ որ նախարարի պորտֆելը 1,5 միլիոնանոց աշխատավարձ էր` սահմանափակ՝ ընդամենը 4 ոլորտների վրա ազդեցության լծակներով։ Հետևաբար, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրահանգները կատարում էին սոսկ նրա ենթակաները, ավելինը կնշանակեր պաշտոնեական դիրքի չարաշահում։ Մինչդեռ այսօր նա վարչապետի կաբինետից հրահանգներ կարող է իջեցնել ցանկացած մեկի վրա, ցանկացած տրամաչափի գործչի` անկախ այդ կատարողի պաշտոնեական և հասարակական դիրքից։
Սա է իրականությունը... Այսինքն, նորից ու նորից հերթական նշանակումով վարչապետը սոսկ մի խնդիր լուծեց և նորից իր անձի համար. նա ընդամենը մեր հաշվին պետական լծակներ տալով փորձեց իր իշխանությունը, թիմը փրկել փլուզումից։ Այսօր նա անխնա բաշխած մանդատներով ու պետական պաշտոններով կարողանում է կուսակցության խամաճիկներին պահել իր կողքին, որպեսզի այս լարված, ճգնաժամային իրավիճակում իրեն ամրացնող պատվարները հանկարծ փուլ չգան ու իր մերկությունը չցուցադրեն։ Սա էր Վաղարշակ Հարությունյանի՝ պաշտպանության նախարար դառնալուց հետո վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնին Արայիկ Հարությունյանի տեղափոխվելու ողջ իմաստը... Մինչդեռ ակնկալվում էր, որ սեռափոխված Մելի, Կարաբինայի լավագույն ընկերոջը, իսկ Հայոց պատմության դեմ արշավի և այլ խայտառակ դրվագներով պոպուլյար դարձած սորոսական նախարարին ոչ թե նորից լծակներով էր պետք օժտել, այլ թողնել պատմության աղբանոցում։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը